Թութք (հեմորոյ)

Հղիության ընթացքում փոքր կոնքի անոթների ճնշվածության արդյունքում հնարավոր է, որ հետանցքի շրջանի և ուղիղ աղիքի երակները լայնանան, այսինքն՝ թութք ի հայտ գա։
Թութքի առաջացման վտանգի գործոններն են՝
- անոթային համակարգի կառուցվածքի գենետիկական առանձնահատկություններ,
- փորկապություն,
- ֆիզիկական ծանր աշխատանք,
- երկարատև նստակյաց աշխատանք,
- քրոնիկական կոլպիտ,
- հավելումների քրոնիկական բորբոքում,
- հղիության առաջին և երկրորդ կեսի տոքսիկոզ,
- գիրություն,
- աղիների սպազմ՝ պայմանավորված սթրեսով և նյարդային լարվածությամբ։
Կարդացեք՝ Թութքը հղիությունից առաջ և հետո
Ախտանշանները
Սկզբնական շրջանում սկսում է անհանգստացնել անհարմարության զգացումը, հետանցքի շրջանի այրոցն ու օտարածին մարմնի առկայության զգացումը։ Դեֆեկացիան ցավոտ է լինում։ Թութքային հանգույցները կարող են դուրս գալ հետանցքից, պատռվել, որի դեպքում թույլ, քսվող արյունային արտադրություն է ի հայտ գալիս։ Հնարավոր է, որ անգամ չնկատեք արյունը, սակայն մշտապես խոնավություն և քոր զգաք հետանցքի շրջանում։
Բուժումը չսկսելու դեպքում ժամանակի ընթացքում ցավն ուժգնանում է քայլելիս, նստելիս, ինչպես նաև հազալիս։ Արտաթորելիս ցավն ավելի ուժեղ է լինում։ Ծանր դեպքերում ցավն այնքան ուժեղ է լինում, որ հնարավոր չի լինում նստել և քայլել, բարձրանում է ջերմությունը։
Բուժումը
Ինչպես ցանկացած հիվանդություն, այնպես էլ թութքը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Կանխարգելման երկու հիմնական միջոց կա՝ ծննդաբերությունից հետո Կեգելի վարժություններ կատարել և կանխել փորկապությունը։
Փորկապությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում հում և խաշած բանջարեղեն, մրգեր ուտել և մրգահյութեր խմել, ինչպես նաև օրական մոտավորապես երկու լիտր ջուր խմել։ Հաճախ առավոտյան քաղցած ժամանակ խմած մեկ բաժակ սառը ջուրը կարող է լուծել խնդիրը։
Օգտակար է նաև մեկ գդալ բուսական ձեթը, օրինակ՝ ձիթապտղի, կամ մեկ բաժակ կեֆիրը քաղցած ժամանակ։ Թութքի առաջին աստիճանների դեպքում մազեր, գելեր, մոմիկներ և ցավը մեղմող, բորբոքումը վերացնող այլ միջոցներ են նշանակվում։
Թութքային հանգույցների ամբողջական վերացման համար վիրաբուժական միջամտություն է կատարվում։ Կան նաև խնայող մեթոդներ՝ ինֆրակարմիր ֆոտոկոագուլյացիա (այրում) կամ սկլերոզավորում։