Հիգիենա

Հիգիենան բազմաթիվ բաժիններ ունի՝ սննդի հիգիենա, երեխաների և դեռահասների հիգիենա, աշխատանքի հիգիենա, սպորտային հիգիենա, անձնական հիգիենա, արտաքին միջավայրի հիգիենա, զինվորական հիգիենա և այլն։ Այս հոդվածում անդրադառնում ենք մազերի, բերանի խոռոչի հագուստի և ննջասենյակի հիգիենային։
Մազերի հիգիենա։ Գլխամաշկի և մազերի ճիշտ խնամքը կարգավորում է ճարպագեղձերի գործունեությունը, ինչպես նաև լավացնում է արյան շրջանառությունը և փոխանակման գործընթացները։ Այդ պատճառով պետք է պատասխանատվությամբ վերաբերվել գլխամաշկի խնամքին։
Մազերը լվանալու հաճախականությունը կախված է մի շարք գործոններից՝ դրանց երկարությունից, մազի և գլխամաշկի տիպից, աշխատանքի բնույթից, տարվա եղանակից և այլն։ Ձմռանը սովորաբար մազերն ավելի հաճախ են լվանում, քանի որ գլխարկ կրելու դեպքում գլխամաշկը չի շնչում, որի պատճառով մաշկային ճարպն ավելի շատ է արտադրվում, քան սովորաբար։
Պետք չէ մազերը շատ տաք ջրով լվանալ, հնարավոր է, որ յուղոտ դառնան, քանի որ տաք ջուրն ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը։ Հարկավոր է առանձնակի զգուշավորությամբ ընտրել լվացող միջոցը (շամպույն, բալզամ, լոսյոն և այլն)։ Մազերը լավ ներծծում են ջուրը, դրա հետ նաև այնպիսի նյութեր, որոնք կարող են վնասակար լինել ինչպես մազերի, այնպես էլ գլխամաշկի և ամբողջ օրգանիզմի համար։
Պարզաջրելուց հետո ցանկալի է պաղ ջուր պահել մազերին։ Լվանալուց հետո հարկավոր է մազերը չորացնել տաք սրբիչով, այնուհետև թողնել, որ չորանան բաց վիճակում։ Ցանկալի չէ հարդարիչով չորացնել մազերը, քանի որ այն չափից շատ է չորացնում։
Չի կարելի սանրվել այլ մարդու սանրով։
Բերանի խոռոչի հիգիենա։ Բերանի խոռոչի ճիշտ խնամքը նպաստում է ատամների առողջության պահպանմանը, ինչպես նաև կանխում է ներքին օրգանների բազմաթիվ հիվանդություններ։
- Հարկավոր է ամեն օր լվանալ ատամները՝ առավոտյան և երեկոյան։
- Չի կարելի այլ մարդու ատամի խոզանակն օգտագործել։ Ունեցեք ձերը։
- Ուտելուց անմիջապես հետո ողողեք բերանը։
- Ատամների կամ լնդերի հիվանդությունների առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմեք բժշկի։
- Կանխարգելիչ զննման նպատակով տարին երկու անգամ այցելեք ստոմատոլոգի։
Հագուստի և կոշիկի հիգիենա։ Անձնական հիգիենայի հարցում կարևոր դեր է խաղում նաև հագուստի մաքրությունը։ Հագուստը մարմինը պաշտպանում է կեղտոտվելուց, մեխանիկական և քիմիական վնասվածքներից, ցրտահարումից, մանրէներից և այլն։
Սպիտակեղենը պետք է փոխել ամեն օր։
Գուլպաները, զուգագուլպաները, կիսագուլպաները նույնպես պետք է փոխել ամեն օր։
Պետք է հագուստը չթողնել կեղտոտ վիճակում, պետք է կանոնավոր լվանալ այն։
Չի կարելի այլ մարդու հագուստ կամ կոշիկ կրել։
Հագուստն ու կոշիկը պետք է համապատասխանեն եղանակային պայմաններին։
Ցանկալի է նախապատվությունը տալ բնական գործվածքներից կարված հագուստին և բնական նյութերից կարված կոշկեղենին։
Հագուստն ու կոշիկը պետք է համապատասխան չափսի լինեն, ընտրվեն մարդու անատոմիական առանձնահատկությունները հաշվի առնելով։
Ննջասենյակի հիգիենա։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր անկողնային սպիտակեղենն ու սրբիչները։
Անկողնու սպիտակեղենը պետք է փոխել ամեն օր կամ շաբաթական առնվազն երեք-չորս անգամ։
Անկողինը պետք է հարմարավետ լինի։
Քնելուց առաջ հարկավոր է օդափոխել սենյակը։
Ցանկալի է գիշերաշապիկով քնել։
Տնային կենդանիներին թույլ մի տվեք բարձրանալ անկողնու վրա։