Նորմալ արտադրություն. ո՞ր դեպքում չարժե անհանգստանալ
Վերարտադրողական շրջան
13305
Նորմալ արտադրություն. ո՞ր դեպքում չարժե անհանգստանալ
Մեր օրգանիզմում ամեն ինչ մանրամասն մտածված է: Հեշտոցն էլ բացառություն չէ: Հեշտոցի ներքին համակարգն առանձին աշխարհ է`իր սեփական միջավայրով, որոշակի ջերմաստիճանով, խոնավությամբ և օգտակար միկրոօրգանիզմներով: Այս ամենն անհրաժեշտ է արտաքին ազդեցություններից և վարակներից պաշտպանվելու համար: Հեշտոցում գտնվող գեղձերն արտադրում են հեղուկ, որը դուրս է հանում անցանկալի բջիջներն ու ախտածին մանրէները՝ դրանով իսկ հեշտոցը մաքուր պահելով: Այդ հեղուկը հեշտոցային արտադրությունն է։
Իսկ ինչպե՞ս տարբերակել արտադրությունները: Ո՞ր արտադրությունն է համարվում նորմալ, և ե՞րբ է պետք անհանգստանալ: Այս մասին կխոսենք մեր հոդվածում:
Գույնը և բնույթը
Եթե արտադրությունը պարզ է, թեթև, կիսաթափանցիկ և ջրալի, ոչ թե խիտ կամ մածուցիկ, դա սովորական հեշտոցային արտադրության նշան է: Այն կարող է լինել նաև կաթի նման սպիտակ: Սպիտակ յուղալի արտադրությունը հայտնվում է ցիկլի կեսին: Այս դեպքում մտահոգվելու կարիք չկա. նման արտադրությունն օվուլյացիայի նշան է: Սա բացարձակ նորմալ է:
Ծավալը
Յուրաքանչյուրն ունի արտադրության իր ծավալը: Բայց այս ծավալը մեծանում է նախքան օվուլյացիան և նվազում դրանից 1-2 օր հետո: Հետևե՛ք ձեր բնականոն արտադրությանը և կիմանաք, թե որքան է ձեր հեշտոցի առողջ արտադրության ցուցանիշը:
Հոտը
Սովորաբար հեշտոցային արտադրությունը լինում է մեղմ, աննկատելի, թթու հոտով կամ ընդհանրապես անհոտ: Ձեր արտադրության ծավալը, հոտը և գույնը կարող են տարբեր լինել՝ կախված դաշտանային ցիկլի ժամանակացույցից: Օրինակ, ավելի շատ արտահոսք կլինի օվուլյացիայի, ակտիվ սպորտաձևերի, ջերմության, սթրեսի ժամանակ: Նրանք կարող են տարբեր հոտ ունենալ, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր հոտը: Ի դեպ, հոտը կախված է նաև անձնական հիգիենայից:
Ինչո՞ւ է անհրաժեշտ ուսումնասիրել արտադրությունը
Արտադրության վերահսկումը շատ կարևոր է: Սա կօգնի հասկանալու, թե անձամբ ձեզ համար ո՞ր արտադրությունն է համարվում նորմալ: Իմանալով արտադրության մակարդակը՝ հեշտությամբ կարող եք նկատել դրա շեղումները: Եթե գույնը, հոտը կամ բնույթն անսովոր են թվում, եթե արտադրությունը զուգորդվում է հեշտոցի քորով կամ այրոցով, դա կարող է վկայել վարակի մասին: Որքան շուտ դիմեք բժշկին և սկսեք բուժումը, այնքան ավելի հեշտ և արդյունավետ կլինի այն: