Ինչու է առաջանում աճուկային հատվածի ճողվածք․
Բարդություններ / միջամտություններ
8859
Ինչու է առաջանում աճուկային հատվածի ճողվածք․
ինչպես կարգավորել խնդիրը
Ի՞նչ է աճուկային հատվածի ճողվածքը, որո՞նք են դրա ախտանիշները
Աճուկային հատվածի ճողվածքի դեպքում՝ ստորին որովայնի մկանների միջև ընկած հատվածի միջով աղիքի կամ որովայնի խոռոչի այլ հյուսվածք դուրս է գալիս: Մարդու մոտ կա այդպիսի երկու ուղի. դրանք գտնվում են թեքության երկու կողմերում, ուղիղ որովայնի մկանների միջև (վերևում) և աճուկային կապանի (ներքևում)։ Եթե որևէ հատվածում նկատում եք ուռուցիկություն, որը փոքր-ինչ ավելանում է չափերով և ցավում է, երբ կանգնում եք կամ հազում, դա կարող է լինել ճողվածք:
Որտեղից է առաջանում աճուկային ճողվածքը
Երբեմն դա հայտնվում է հենց այնպես, առանց ակնհայտ պատճառի: Աճուկային հատվածի անցուղին որովայնի պատի թույլ կետն է. որոշ մարդկանց մոտ այն պարզապես չափազանց լայն է կամ դրա շուրջ մկանները թույլ են, այնպես որ ինչ-որ պահի որովայնի խոռոչի հյուսվածքների մի մասը դուրս է սահում:
Կարող եք ճողվածքի առաջացում հրահրել, եթե մեծապես բեռնեք որովայնի մկանները: Դրա տարածված օրինակներն են. աղիքների շարժման կամ միզարձակման ժամանակ լարվածություն, քրոնիկ ծանր հազ կամ փռշտոց, հղիություն, հատկապես բազմակի հղիություն։
Որովայնի շրջանում ճնշման բարձրացումը՝ գազերի կամ փորկապության պատճառով, ռիսկի գործոններից մեկն է: Տղամարդկանց մոտ աճուկային ճողվածքը 8-10 անգամ ավելի հաճախ է լինում, քան կանանց մոտ:
Ինչպես բուժել աճուկային ճողվածքը
Նախ անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-վիրաբույժի հետ:
Աճուկային ճողվածքի միակ բուժումը վիրաբուժական է՝ լապարոսկոպիկ եղանակով կամ կտրվածքի միջոցով։
1. Բաց մեթոդով վիրահատություն
Վիրաբույժը աճուկի հատվածում կատարում է կտրվածք, և դուրս ցցված հյուսվածքը հետ է մղվում որովայնի խոռոչ: Դրանից հետո կտրվածքը կարվում է: Հաճախ այն ամրապնդվում է սինթետիկ ցանցով (այս գործողությունը կոչվում է հերնիոպլաստիկա)՝ կանխելու հետագա ճողվածքի առաջացումը:
Բաց վիրահատությունը կատարվում է ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ: Դա պահանջում է վերականգնման բավականին երկար ժամանակ. կարող է տևել մի քանի շաբաթ, մինչ կթույլատրվի վերադառնալ բնականոն ֆիզիկական գործունեությանը: Բաց վիրահատությունը երբեմն սպի է թողնում:
2. Լապարոսկոպիա
Այս դեպքում կատարվում են մի քանի փոքր կտրվածքներ: Դրանցից մեկի մեջ տեղադրվում է փոքրիկ խցիկով խողովակ, որը թույլ է տալիս տեսնել, թե ինչ է կատարվում որովայնի ներսում: Մյուսները հագեցած են փոքրիկ գործիքներով: Լապարոսկոպիան համարվում է ավելի լավ տարբերակ, քան բաց վիրաբուժությունը. դրանից հետո սպիներ գրեթե չեն լինում, և բուժառուն վերականգնվում է ավելի արագ:
Ինչպես խուսափել աճուկային ճողվածքից
Որոշ դեպքերում, օրինակ, եթե որովայնի պատի մկանների բնածին թուլություն ունեք, անհնար է խուսափել, բայց կարելի է կրճատել ռիսկերը՝ որովայնի խոռոչի ներսում որովայնի մկանների և օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով: Խուսափեք ծանրություն բարձրացնելուց:
Առողջ քաշ պահպանեք:
Փորձեք ամեն օր ուտել մանրաթելերով հարուստ կերակուրներ: Այն օգնում է կանխելու փորկապությունը և նվազեցնում փքվածության դեպքերը:
Մի՛ ծխեք. ծխելը նպաստում է շատ լուրջ հիվանդությունների զարգացմանը: Բացի այդ, դա հաճախ քրոնիկական հազ է առաջացնում, որի պատճառով կարող է հայտնվել ճողվածք, քանի որ հազալիս մեծանում է ճնշումը որովայնում: