Քաշի ավելացումը հղիության ընթացքում. երբ և որքան
Հղիությունը կնոջ կյանքում մի շրջան է, երբ յուրաքանչյուր կիլոգրամի ավելացումն ուրախությամբ է ընդունվում: Եթե առաջին եռամսյակում ապագա մայրիկի քաշն աննշան է ավելանում, ապա երեխայի աճին համընթաց այն սկսում է կայունորեն մեծանալ: Այդ ընթացքում կարևոր է չափը չանցնել և ավելորդ քաշ չկուտակել, ինչը կարող է զգալիորեն բարդացնել հղիության ընթացքը և ծննդաբերությունը:
Կշռվում ենք ճիշտ
Հղիության ընթացքում պարբերաբար կշռվելը պարտադիր է: Ամենաճիշտ արդյունքը կստանաք, եթե կշռվեք առավոտյան՝ նախաճաշից առաջ: Փորձեք միշտ կշռվել միևնույն հագուստով, դա առավելագույն չափով ճիշտ արդյունքներ կապահովի: Յուրաքանչյուր անգամ գրանցեք ստացված ցուցանիշը: Բացի այս ամսվա ընթացքում մեկ անգամ (28-րդ շաբաթից հետո՝ 2 անգամ) նախքան բժշկի այցելելը, բացի այդ ապագա մայրիկին կշռում են նաև կանանց կոնսուլտացիայում:
Հղիության ընթացքում քաշի ավելացման միջին ցուցանիշը
Կինը հղիության ընթացքում պետք է գիրանա 9-14 կգ-ով, երկվորյակի սպասելիս՝ 16-21 կգ-ով: Նշենք, որ այց ցուցանիշները հաշվարկվում են՝ հիմնվելով միջին տվյալների վրա և հնարավոր է, որ տատանվեն:
Հղիությունը և նյութափոխանակությունը
Առաջին եռամսյակում քաշն աննշան է ավելանում, սովորաբար 2 կգ-ով: Սկսած երկրորդ եռամսյակից՝ այն արագորեն աճում է. 1 ամսում 1 կգ (կամ 300գր. մեկ շաբաթում), իսկ 7 ամսից հետո՝ շաբաթը 400 գր. (օրը մոտ 50 գր.): Վատ ազդանշան կլինի, եթե քաշը չավելանա կամ էլ խիստ կտրուկ ավելանա: Այս հաշվարկը ոչ միշտ է ցույց տալիս իրական պատկերը. չէ՞ որ որոշ կանայք գիրանում են հենց սկզբում, ոմանք էլ՝ ծննդաբերությունից առաջ:
Ինչի հաշվին է կնոջ քաշն ավելանում հղիության ընթացքում
Կուտակած կիլոգրամների հիմնական մասը բաժին է հասնում երեխային, որի քաշը միջինում մոտ 3-4 կգ է: Հենց այսքան էլ կազմում է ճարպի քանակը: Արգանդը և հարպտղային հեղուկը կշռում են մինչև 2 կգ, արյան ծավալն ավելանում է մոտ 1.5-1.7 կգ-ով: Մեծանում են նաև կրծքագեղձերը՝ մոտ 0.5 կգ յուրաքանչյուրը: Հավելյալ հեղուկի ծավալը կնոջ օրգանիզմում կարող է կազմել 1.5-2.8 կգ: Հիմնվելով այս հաշվարկումների վրա՝ ապագա մայրիկը գիրանում է մոտ 14 կգ-ով և կարիք չկա մտահոգվել ավելորդ կիլոգրամներով:
Գիրացման վրա ազդող գործոնները
Հետաքրքրական է այն, որ նիհար կանայք ավելի արագ են գիրանում: Որքան ցածր է եղել նրանց քաշը հղիությունից առաջ, այնքան արագ այն կփոխվի դեպի դրականը երեխային կրելու շրջանում:
Գիրանալու հակումը
Եթե անգամ խիստ դիետայի եք հետևել և արդյունավետ ֆիզիկական վարժություններ արել մինչև հղիությունը, այնուամենայնիվ ուրախալի սպասման ընթացքում բնությունը ձեզ մի քանի կիլոգրամով կգիրացնի:
Հասակը
Ընդունված է, որ որքան բարձրահասակ է կինը, այնքան շատ կգիրանա հղիության ընթացքում:
Պտղի մեծությունը
Կինը, ով խոշոր երեխայի է կրում, միջինից շատ է գիրանում:
Հղի կանանց ջրգողությունը
Այտուցվածությունը վկայում է օրգանիզմում կուտակված մեծ քանակով հեղուկի մասին, որը նաև «ծանրացնում» է կնոջը:
Հղիության առաջին եռամսյակի տոքսիկոզ և երկրորդ-երրորդ եռամսյակի գեստոզ
Սրտխառնոցը և փսխումը, որոնցով ուղեկցվում են այս վիճակները, կարող են հանգեցնել քաշի նվազման:
Մեծ ախորժակ
Այս գործոնը, որն անմիջականորեն պայմանավորված է էստրոգենի մակարդակի բարձրացմամբ, կինն ուղղակի պարտավոր է վերահսկել, քանի որ հակառակ դեպքում նա կկանգնի ավելորդ քաշի վտանգի առջև, ավելորդ կիլոգրամները բոլորովին պետք չեն:
Պտղաջրերի մեծ քանակություն
Պտղաջրերի քանակի մեծացումն անդրաառնում է նաև քաշի վրա:
Տարիքը
Հասուն տարիքում կինն ավելի է հակված գիրանալուն:
Հղիության ընթացքում քաշի ավելացման բնականոն չափի հաշվարկը
Յուրաքանչյուր հղի կին կարող է ինքնուրույն հաշվարկել իր պարագայում քաշի ավելացման թույլատրելի քանակը: Նախ պետք է ստանալ մարմնի ծավալի ինդեքսը, որը հեշտ է դուրս բերել. անհրաժեշտ է քաշը՝ հաշված կիլոգրամներով, բաժանել հասակի քառակուսուն: Ըստ կազմվածքի տեսակի և մարմնի ինդեքսի՝ կա մի պայմանական բաժանում՝
- խումբ 1-ին (մինչև 19.8)- նիհար
- խումբ 2-րդ (19,8-26) - միջին
- խումբ 3-րդ (26-ից բարձր)- գեր
Գիրացման թույլատրելի չափի հաշվարկման ժամանակ կարող եք առաջնորդվել նաև քաշի ավելացման միջին ֆիզիոլոգիական սանդղակով, որը բժիշկներն օգտագործում են սկսած հղիության 7-րդ ամսից: Ըստ այս սանդղակի տվյալների՝ ապագա մայրիկը պետք է իր հասակի ամեն մի 10 սմ-ին համապատասխան շաբաթական մոտ 20 գր-ով գիրանա:
Որոշ հղի կանայք, նկատելով, որ արագորեն են գիրանում, սկսում են հրաժարվել այս կամ այն ուտելիքից կամ էլ դիետա են պահում: Ոչ մի դեպքում չի կարելի այդպես վարվել, քանի որ կալորիաների պակասը կարող է էապես ազդել երեխայի առողջության վրա: Լավագույն որոշումն այն կլինի բժշկին այցելելը և առողջ սննդակարգ ընտրելը: