Ցավ սեռական հարաբերության ժամանակ. ինչի մասին է վկայում

Ցավ սեռական հարաբերության ժամանակ. ինչի մասին է վկայում

Սեռական հարաբերության ժամանակ զգացվող ցավը մի խնդիր է, որին բախվում են ոչ միայն այն աղջիկները, որոնք նոր են սկսել սեռական կյանքով ապրել, այլև այդ հարցում արդեն իսկ փորձառու կանայք: Երբեմն նրանք գլխի չեն ընկնում, որ անհրաժեշտ է դիմել բժշկի: Առաջինները համարում են, որ սկզբնական շրջանում այդ բնական է (որքա՞ն է շարունակվում սկիզբը), երկրորդներն էլ կարծում են, որ անհամատեղելիությունից է կամ էլ խնդիրը տղամարդուց է, քանի որ նախկին զուգընկերոջ դեպքում այդպես չէր լինում:

Ստացվում է այնպես, որ նրանք այդպես էլ չեն դիմում համապատասխան բժշկի, և որոշ ժամանակ անց օրգանիզմը հարմարվում է ցավին և սկսում նախապես սպասել. ամրապնդվում է պայմանական ռեֆլեքսը: Կինն սկսում է վախենալ և խուսափել հարաբերությունից կամ էլ զավն զգալ անգամ այն դեպքում, երբ պատճառն այլևս չկա: Պետք չէ հապաղել, տանել ցավը, պետք է անուշադրության չմատնել և դիմել բժշկի:

Ցավի պատճառները (ժամանակագրական կարգով)

1. Կուսազրկում (դեֆլորացիա): Գլխավոր պատճառը՝ վախ: Այն ստիպում է կծկել մարմնի բոլոր մկանները, հատկապես հեշտոցի: Երբեմն կուսաթաղանթն ամուր է լինում, սակայն առավել հաճախ այն առաձգական է, առաջին հարաբերության ընթացքում չի պատռվում, այլ ձգվում է և կտրուկ ցավ չի պատճառում (այդ պատճառով էլ կուսազրկման ժամանակ արյան բացակայությունը բնականոն է և ոչ թե ախտաբանական երևույթ): Այնպես որ հիմնական վախերն առաջանում են վախից: Այն հաղթահարել կարող եք միայն դուք, եթե իմանաք, թե ինչ է կատարվում ձեզ հետ և վստահեք ձեր տղամարդուն, հստակ իմանաք, որ պաշտպանված եք անցանկալի հղիությունից և վարակումից:

Առաջին անգամ պետք է պաշտպանվեք պահպանակով. ուրիշի մանրէները, որոնք բնական են մի օրգանիզմի համար (տղամարդու), ընկնելով նոր օրգանիզմ (կնոջ), բորբոքում են առաջացնում՝ հեշտոցի (կոլպիտ) կամ միզուղիների (ցիստիտ) բորբոքում, որոնք կուսազրկման ամենատարածված բարդացումներն են: Ցավը մեղմելուն կօգնի սովորական մթնոլորտը, սիրախաղը, սակայն մկանները լարող և ցավ պատճառող վախի դեմ ամենաարդյունավետ դեղը սերն է: Այն կանանց համար, ովքեր կուսությունից զրկվել են սիրով, այլ ոչ թե հետաքրքրասիրությունից կամ տարիքից դրդված, ամեն բան կատարվում է համապատասխան պայմաններում, առանց շտապելու, առանց ավելորդ նյարդայնության, նուրբ և անցավ:

2. Վագինիզմ: Եթե մերձեցումը (կյանքում առաջին անգամ կամ առաջին անգամ տվյալ տղամարդու հետ, կամ բռնաբարության դեպքում) անհաջող է անցել, ապա դրա նկատմամբ վախն ամրապնդվում է անգիտակցականում և մկանների կծկում է առաջացնում նախապես՝ սեռական հարաբերությունը դարձնելով անհնարին: Ցավն առաջանում է ոչ թե անդամի ներհրումից, այլ սեփական մկանների կծկումից (հաճախ նմանատիպ ցավ է առաջանում նաև գինեկոլոգիական զննման ժամանակ. իրավիճակի վախն ստիպում մկաններին այնպես կծկվել, որ կոտրվում են զննման պլաստմասե հայելիները և այլն):

Գինեկոլոգին վստահելու և լարվածությունը թուլացնելու դեպքում ամեն բան անցնում է առանց ցավի: Սկզբունքը նույնն է. ցավն առաջանում է ոչ թե օտար մարմնից, այլ սեփական մկանների կծկումից, այսինքն այս պարագայում պետք է փոխել սեփական վերաբերմունքը հարցի վերաբերյալ, գտնել այնպիսի զուգընկերոջ, ում նկատմամբ վստահությունը թույլ կտա ձեզ խաղաղվել և թուլանալ: Եթե կինն ինքնուրույն չի կարողանում հաղթահարել վագինիզմը, ապա պետք է դիմի մասնագետի օգնությանը՝ հոգեբան և սեքսապաթոլոգ:

3. Կուսաթաղանթի ամբողջականության պահպանումը: Մերձեցումն առաջին անգամ չէ, սակայն ցավում է առաջին անգամվա պես: Ճիշտ է, ընթացքում անցնում է, սակայն սկզբում տհաճ է: Սովորաբար կուսաթաղանթն սկզբում չի պատռվում, այլ ձգվում է կամ մի փոքր պատռվում, սակայն պահպանվում է: Երբեմն կուսաթաղանթն անատոմիական իմաստով առաջին անգամ պատռվում է ծննդաբերության ընթացքում: Իսկ մինչ այդ սեռական հարաբերության ընթացքում ներհրման առաջին պահին տհաճ զգացում է լինում: Իրավիճակը հասկանալու դեպքում մի փոքր խոնավացնող քսուքի և տղամարդու քնքշանքի օգնությամբ խնդիրը հեշտությամբ լուծվում է:

4. Բորբոքում: Եթե տհաճ զգացողությունները (ցավ, այրոց, քոր, չորություն) հեշտոցում առաջանում են սեռական հարաբերության ընթացքում կամ նրանից անմիջապես հետո, ապա հավանականությունը, որ բորբոքում կա, մեծ է: Անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել որոշակի հետազոտություններ՝ կապված վարակների հետ: Այդ ընթացքում սեռական կյանքը պետք է սահմանափակել և անպայման պահպանակ օգտագործել: Միշտ չէ, որ բորբոքումը հարուցվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության հարուցչից, այսինքն՝ հիվանդության կասկածի դեպքում պետք չէ զուգընկերոջն անմիջապես մեղադրել դավաճանության համար:

Հաճախ բորբոքման պատճառ է դառնում մարդու օրգանիզմի ֆլորան՝ սնկերը, աղիքային ցուպիկը, ստաֆիլակոկները և այլ բնական միկրոօրգանիզմները: Պարզապես օտար միջավայրում հայտնվելով և պաշտպանության անբավարար աստիճանում (ընկած դիմադրողականություն, դաշտան, հղիություն) նրանք սկսում են բազմանալ և բորբոքման պատճառ դառնալ: Պետք է գրագետ բուժվել և ոչ թե մեղավորներ փնտրել:

5. Կպումներ: Աղիների կամ հավելումների նախկինում տարած հիվանդություն: Եթե երբևէ ունեցել եք պարբերական ցավեր որովայնի ստորին հատվածում (մրսելիս) կամ աղիների հիվանդություն, ապա հնարավոր է, որ փոքր կոնքում կպումներ հայտնաբերվեն: Եթե երբեք այսպիսի գանգատներ չեք ունեցել, ևս հնարավոր է, որ կպումներ լինեն, քանի որ հիվանդությունը կարող էր ընթանալ առանց նախանշանների: Կպումներ ունի մեծահասակ կանանց մեծ մասը, սակայն շատերին այն չի անհանգստացնում և վնաս չի պատճառում:

Ոմանց էլ ցավ է պատճառում ձգվելիս՝ գինեկոլոգիական զննման և հարաբերության ընթացքում: Ընդ որում՝ ցավը, ի տարբերություն վերոնշյալ իրավիճակների, որովայնի խոռոչում կախված է սեռական հարաբերության դիրքից և ագրեսիվությունից: Հիմնականում հարմար դիրքի ընտրությունն ազատում է ցավից, իսկ եթե այն շարունակում է և անհանգստացնում նաև սեռական կյանքից դուրս իրավիճակներում, ապա պետք է բուժել քրոնիկական բորբոքումը (նաև ֆիզիոթերապիայի միջոցով):

6. Վնասվածքներ, պատռվածքներ, հետծննդաբերական և հետվիրահատական կարեր: Խնդիրը հնարավոր է լուծել վիրահատական միջամտությամբ կամ էլ առանց դրա, այսինքն խոնավացնող հատուկ քսուքների, կոնքի հատակի մկանների մարզման, հարմարավետ դիրքերի և տեմպի ընտրության միջոցով:

7. Էնդոմետրիոզ: Հաճախ կանայք, դաշտանից հետո կամ առաջ նկատելով քսվող արյունային արտադրություն, իրենք իրենց ախտորոշում են էնդոմետրիոզ: Սակայն էնդոմետրիոզի հիմնական ախտանշանը ցավն է, որն առաջանում կամ ուժգնանում է դաշտանից առաջ և անհետանում է վերջինիս հետ: Եթե նշված արտադրությունն անցավ է, ուրեմն էնդոմետրիոզի մասին խոսք լինել չի կարող:

Եթե ցավոտ է և սեռական հարաբերության, դաշտանի նախօրեին կղազատման ընթացքում ևս ցավ է առաջանում, ապա հնարավոր է, որ այդ ամենն էնդոմետրիոզի ախտանշան լինի: Սեռական հարաբերության ընթացքում ցավն զգացվում է ներսում և բավականին ուժգին է, ինչն անհնար և տանջալի է դարձնում հարաբերությունը կամ ցիկլի այդ շրջանը:

8. Երակային կանգ փոքր կոնքում: Անկանոն սեռական կյանք, անբավարարվածություն, ժուժկալություն, հարաբերություններից դժգոհություն. այս ամենի արդյունքում արյունը մատակարարվում է օրգաններին, իսկ անհրաժեշտ հետմղումը բացակայում է: Սկզբնական շրջանում սա առաջացնում է ծանրության զգացում, անբավարարվածություն, ցավ առանց բավականաչափ լիցքաթափման ավարտված սեռական ակտից հետո: Ժամանակի ընթացքում միակ միջոցը՝ բավարարվածությամբ ուղեկցվող կանոնավոր սեռական կյանքը, ոչ թե օգնում է, այլ ընդհակառակը, դառնում է սրող գործոն. հեշտոցի այտուցված պատերն սկսում են ցավել հենց սեռական ակտից, մերձեցման ընթացքում սուր ցավ է առաջանում:

Այդ վիճակը ոչ միայն տհաճ է, այլև վտանգավոր. այն կարող է նպաստել մի շարք գինեկոլոգիական հիվանդությունների զարգացմանը՝ արգանդի միոմա, էնդոմետրիոզ, մաստոպատիա, ձվարանների դիսֆունկցիա և այլն: Փորձեք անբավարարվածությունը չհասցնել անատոմիական փոփոխությունների, սովորեք ինքներդ ձեզ հաճույք պատճառել և սովորեցրեք դա անել նաև ձեր ընկերոջը: Դրանով ուրախություն կպատճառեք և՛ ձեզ, և՛ նրան՝ պահպանելով առողջ օրգանիզմը և ընտանեկան հարաբերությունների առողջ մթնոլորտը: Հիմնական բժշկական բուժումը ֆիզիոթերապիան է և գինեկոլոգիական մերսումը, ինչը, ըստ էության, սեռական ակտի փոխարինողն է, այնպես որ ավելի հաճելի է երակային կանգը բուժել տանը՝ սիրելի տղամարդու օգնությամբ:

9. Կոնքային նյարդերի նևրալգիա: Կոնքի պատերի ցավը, որն ուժգնանում է հպումից (սեռական հարաբերություն, գինեկոլոգիական զննում, հեշտոցի ՈՒՁՀ), հաճախ լինում է սուր, կրակոցանման, դեպի ոտքը ձգվող: Նևրալգիան լինում է ցանկացած տեղում՝ դիմային, միջկողային, կոնքային. նյարդը կարող է բորբոքվել սառեցումից, վարակներից, սթրեսից և այլն: Բուժվում է ինչպես մյուս նևրալգիաները՝ տաքացնող քսուքի, ֆիզոպրոցեդուրաների միջոցով:

10. Խոնավության, քսուքի անբավարարություն: Հնարավոր է, որ պատճառը լինի հոգեբանական վիճակը (սիրով զբաղվելու ցանկության պակասը, հղիանալու վախը, զուգընկերոջն անգիտակցորեն մերժելը. հաճախ կինը դա չի խոստովանում իրեն, և օրգանիզմը նրան ակնարկում է դա այդպես), բարթոլինյան գեղձի հեռացումը, որն ապահովում է խոնավացումը (վերջինիս բորբոքումը բարթոլինիտն է) կամ հորմոնային խանգարումները (հետծննդաբերական շրջան, հորմոնային բեղմնականխիչների ընդունում, դաշտանադադար): Հորմոնային խանգարման պարագայում, որը շտկում է պահանջում, օգտակար են լինում իգական սեռական հորմոնների պատրաստուկները, եթե հակացուցված չեն: Մնացյալ դեպքերում անհրաժեշտ է օգտագործել արհեստական խոնավացնող քսուքներ, հատուկ ինտիմ գելեր, որոնք վաճառվում են ցանկացած դեղատանը:

Այսպիսով, իմացեք, որ ցավը միշտ խանգարման ազդանշան է, վկայում է, որ օրգանիզմում մի բան այն չէ: Միգուցե դա չլինի լուրջ բուժում պահանջող հիվանդություն, այլ լինի հոգեբանական խնդիր, միևնույն է, խանգարում է: Ցավի միջոցով օրգանիզմը կարծես ուշադրություն է պահանջում և օգնություն խնդրում: Փորձեք լսել նրան, բժշկի միջոցով հասկանալ և օգնել:

Առողջ եղեք և թող որ կյանքն իր բոլոր դրսևորումներով, այդ թվում և հատկապես սեռական, միայն հաճույք պատճառի:

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…