Բեղմնականխում և անպտղություն. կա՞ արդյոք կապ

Բեղմնականխում և անպտղություն. կա՞ արդյոք կապ

Ժամանակակից բժշկությունը հավաստիացնում է, որ բեղմնականխման տարատեսակ միջոցներն անվնաս են ճիշտ կիրառման դեպքում, հարմար և բավականին արդյունավետ: Արդյո՞ք դրանք իսկապես անվնաս են և հետագայում չեն հանգեցնի անպտղության: Փորձենք հասկանալ:

Բեղմնականխման միջոցները բազմազան են, ներառում են և՛ դեղորայք, և՛ մեխանիկական հարմարանքներ, և՛ քիմիական տարատեսակ նյութեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կողմնակի ազդեցությունները, առավելություններն ու թերությունները:

Պատնեշային հակաբեղմնավորման միջոցներ

Պատնեշային հակաբեղմնավորիչների էությունը սերմնաբջջի համար մեխանիկական պատնեշ ստեղծելն է, որպեսզի այն չներթափանցի հեշոցի մեջ: Դրանցից են թասակները, սպունգները, դիաֆրագմաները, կանանց և տղամարդկանց պահպանակները: Ճիշտ կիրառման պարագայում պահպանակների առավելություններն ակնհայտ են՝

  • 90-95%-ով պաշտպանում են անցանկալի հղիությունից,
  • 90%-ով նվազեցնում են սեռավարակներով վարակվելու հավանականությունը,
  • հնարավոր է օգտագործել սերմնաբջջի նկատմամբ ալերգիկ ռեակցաների և իմունաբանական անպտղության բուժման ժամանակ,
  • կատարյալ են անկանոն սեռական կյանքի պարագայում,
  • համեմատաբար մատչելի են գնային առումով:

Թերությունները՝

  • սեռական հարաբերության ընթացքում պատռվելու վտանգ (սխալ օգտագործման կամ ժամկետն անց լինելու հետևանքով),
  • սեռական ակտի ընթացքում զգայունակության նվազում,
  • սպերմիցիդների կամ լատեքսի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականություն:

Հեշտոցային դիաֆրագմաները և հեշտոցի պարանոցի թասակներն այնքան էլ արդյունավետ չեն, կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, անհարմարություն պատճառել, և որոշ դեպքերում ընտրում ու տեղադրում է բժիշկը: Միակ դրական կողմը բազմակի օգտագործման հնարավորությունն է:

Ինչպես տեսնում ենք, հակաբեղմնավորման պատնեշային միջոցները ոչ մի կերպ չեն նվազեցնում կանանց և տղամարդկանց ֆերտիլությունը, քանի որ ինքնին չեն կարող ազդել վերարտադրողական առողջության վրա:

Այդուհանդերձ, եթե պահպանակները հրաշալի միջոցներ են վարակիչ-բորբոքային հիվանդությունների կանխարգելման հարցում, ապա դիաֆրագմաները, թասակները և սպունգները չեն պաշտպանում դրանցից, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել անպտղության:

Ներարգանդային պարույրներ

Ներարգանդային պարույրները ժամանակակից բեղմնականխման ամենաարդյունավետ (97%) միջոցներից են: Արգանդի խոռոչում պղինձ պարունակող մի փոքրիկ սարք են դնում, որն անբարենպաստ միջավայր է ստեղծում ձվաբջիջների և սերմնաբջիջների գոյատևման համար, դժվարեցնում է ձվաբջջի բեղմնավորումը և կանխում պտղաձվի ամրացումն արգանդի լորձաթաղանթին: Պարույրի որոշ տեսակներ լրացուցիչ պարունակում են լևոնորգեստերոլ հորմոն, որը բուժիչ ազդեցությամբ է օժտված (կիրառվում է միոմաների, ադենոմիոզի, էնդոմետրիոզի և նախադաշտանային համախտանիշի դեպքում) և մեծացնում է մեթոդի արդյունավետությունը:

Առավելությունները՝

  • ազդում են անմիջապես տեղադրելուց հետո,
  • բեղմնականխիչ ազդեցությունը պահպանվում է մինչև 6 տարի,
  • հղիանալու հավանականությունը խիստ փոքր է, ուստի հարկ չի լինում դիմել նաև այլ միջոցների,
  • կարող են կիրառվել բազմաթիվ հիվանդությունների առկայության պայմաններում, 
  • համեմատաբար մատչելի է գնային առումով (հաշվի առնելով, որ ազդեցությունը պահպանվում է մի քանի տարի): 


Թերությունները՝

  • ներարգանդային պարույրները չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, ուստի հարմար չեն սեռական զուգընկերների հաճախակի փոփոխման դեպքում, 
  • կարող են նպաստել ցավոտ դաշտանի և առատ դաշտանային արտադրության, 
  • հնարավոր է, որ պղնձից ալերգիկ ռեակցիաներ առաջանան,
  • ունեն մի շարք հակացուցումներ (օգտագործումը ցանկալի չէ երբևէ չծննդաբերած կանանց համար և վարակիչ-բորբոքային հիվանդությունների դեպքում), 
  • հղիանալու կարողությունը վերականգնվում է պարույրը հեռացնելուց 3-6 ամիս անց, 
  • որոշ դեպքերում հնարավոր է, որ պարույրն ինքնաբերաբար դուրս գա:

Ամենատհաճն այն է, որ պարույրն օտար մարմին է, որ ազատ մուտք է ապահովում վարակների համար: Դա կարող է հանգեցնել արգանդի խոռոչի լորձաթաղանթի և ֆալոպյան փողերի բորբոքման, դաշտանային ցիկլի խանգարման, բարորակ ուռուցքների առաջացման, էնդոմետրիտի, արտարգանդային հղիության և անպտղության:

Հորմոնային բեղմնականխում

Հորմոնային բեղմնականխման մեթոդը (ներառում է օրալային բեղմնականխիչներ, հորմոնային օղակներ, ներարկումներ և իմպլանտներ) հիմնված են ձվազատումը ճնշելու վրա, ինչը կատարվում է հորմոնների միջոցով: Միևնույն ժամանակ հորմոնների ազդեցությամբ արգանդում խանգարվում է արգանդի լորձաթաղանթի՝ էնդմետրիումի լիարժեք վերափոխումը, ինչը ձվաբջջին թույլ չի տալիս ամրանալ արգանդի պատին, եթե այնուամենայնիվ բեղմնավորվել է:

Առավելությունները՝

  • ճիշտ ընտրության դեպքում արդյունքը մոտ է 100%-ի, 
  • այսպիսի բեղմնականխիչները կիրառվում են նաև գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների բուժման նպատակով, 
  • որոշ տեսակներ կարող են կիրառվել նաև ծննդաբերությունից հետո և կրծքով կերակրման շրջանում,
  • դադարեցնելուց հետո բազմապտուղ հղիության հնարավորությունը մեծանում է:

Թերությունները՝

  • արդյունքի հնարավոր է հասնել միայն սահմանված սխեմայով պարբերաբար ընդունման դեպքում (սա վերաբերում է միայն օրալային բեղմնականխիչներին), 
  • օգտագործման առաջին ամիսներին, երբ օրգանիզմը դեռևս հարմարվում է հորմոններին, խորհուրդ է տրվում օգտվել բեղմնականխման լրացուցիչ մեթոդներից, 
  • խորհուրդ չի տրվում օգտագործել ծխող կանանց և մի շարք թերապևտիկ հիվանդությունների դեպքում, 
  • մի շարք դեղամիջոցներ կարող են նվազեցնել հորմոնային բեղմնականխման արդյունավետությունը, 
  • երբեմն կողմնակի հետևանքներ են ի հայտ գալիս միջդաշտանային քսվող արտադրության կամ արնահոսության տեսքով, 
  • չեն պաշտպանում սեռավարակներից, 
  • թանկ արժեն, 
  • այս միջոցների սխալ ընտրության դեպքում հնարավոր է, որ հորմոնային լուրջ խանգարումներ և պտղաբերության խնդիրներ ի հայտ գան, իսկ դա նշանակում է, որ հորմոնային բեղմնականխումն այնքան էլ ապահով չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

Քիմիական միջոցներ

Սրանց շարքին են պատկանում տարատեսակ մոմիկները, քսուքները, գելերը և տամպոնները, որոնք համակողմանի ազդեցությամբ միջոցներ են, տեղադրվում են հեշտոցում, ունեն հակամանրէային, հակաբորբոքային և հակաբեղմնավորիչ ազդեցություն: Արդյունավետությունն առանց լրացուցիչ միջոցների 80% է:

Առավելությունները՝

  • թողնում են բացառապես տեղային ազդեցություն, ինչը թույլ է տալիս խուսափել կողմնակի հետևանքներից, 
  • կարող են օգտագործել նաև կրծքով կերակրող կանայք, 
  • մատչելի են գնային աումով: 

Թերությունները՝

  • դրանց ազդեցությունը չեզոքանում է ալկալիների առկայության դեպքում, այդ պատճառով էլ սեռական հարաբերությունից առաջ և հետո չի կարելի սեռական օրգանները լվանալ օճառով, 
  • անհրաժեշտ է խստորեն հետևել օգտագործման ձևին, քանի որ սխալ օգտագործումը բազմակի մեծացնում է հղիանալու հավանականությունը, 
  • որոշ տեսակներին օրգանիզմը հարմարվում է, և կորցնում են արդյունավետությունը, 
  • ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում, 
  • հաճախակի օգտագործումը հանգեցնում է հեշտոցի միկրոֆլորայի խանգարման (դիսբիոզի՝ դիսբակտերիոզի առաջացման), ինչը հետագայում կարող է նպաստել արգանդի և արգանդի հավելումների բորբոքման, վատագույն դեպքում՝ անպտղության:

Ինչպես ընտրել բեղմնականխման միջոցը և չվնասել առողջությանը

Ժամանակակից ցանկացած բեղմնականխիչ միջոց անհերքելի առավելություններ ունի չպաշտպանված սեռական հարաբերության և հղիության ընդհատման հետ համեմատած, սակայն այնուամենայնիվ ոչ բոլոր մեթոդներն են անվնաս կնոջ վերարտադրողական առողջության համար: Այդ պատճառով էլ նախքան բեղմնականխման այս կամ այն միջոցն ընտրելը այցելեք մանկաբարձ-գինեկոլոգի: Միայն նա կկարողանա ճիշտ գնահատել ձեր ներկայի առողջական վիճակը, հայտնաբերել հակացուցումները և նշանակել ձեզ համապատասխանող լավագույն միջոցը:

Հատուկ ուշադրություն դարձրեք հորմոնային պատրաստուկների նշանակմանը. դրանք կարելի է ընտրել միայն ձեր հորմոնային վիճակն ու արյան ցուցանիշներն ուսումնասիրելուց, ինչպես նաև ՈՒՁՀ-ից հետո:

 

Աղբյուրը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…