Առաջին սկրինինգը հղիության ընթացքում (մաս III)

Կարդացեք՝ Առաջին սկրինինգը հղիության ընթացքում. մաս I
Կարդացեք՝ Առաջին սկրինինգը հղիության ընթացքում. մաս II
Արտասաղմնային կառույցների հետազոտություն՝ դեղնուցապարկ, խորիոն և ամնիոն։ ՈւՁՀ-ի մասնագետը հետազոտության ձևաթղթում լրացնում է նաև դեղնուցապարկի, խորիոնի, արգանդի պատերի ու հավելումների մասին տվյալները։
Դեղնուցապարկը սաղմնային օրգան է, որը մինչև 6-րդ շաբաթը պատասխանատու է կենսականորեն անհրաժեշտ սպիտակուցների արտադրման համար, սկզբնական լյարդի, արյունատար համակարգի, նախնական սեռական բջիջների դեր է խաղում մինչև որ ձևավորվում են առանձին օրգանները։
Հղիության առաջին եռամսյակի ավարտին դեղնուցապարկը փոքրանում է և վերածվում կիստոզ գոյացության՝ տեղակայվելով պորտալարի հիմքի մոտ։ Այդ պատճառով 6-10-րդ շաբաթում այն պետք է առավելագույնը 6 մմ տրամագիծ ունենա, իսկ 11-13-րդ շաբաթից հետո չպետք է նշմարվի։
Անհատական առանձնահատկությունների գործոն էլ է դեր խաղում, ուստի կարևորն այն է, որ դեղնուցապարկը ժամանակից շուտ չավարտի իր գործառույթները։ Այդ պատճառով 8-10-րդ շաբաթում այն պետք է նվազագույնը 2մմ տրամագիծ ունենա (բայց և չգերազանցի 6-7 մմ-ը)։
Եթե մինչև 10-րդ շաբաթը դեղնուցապարկի տրամագիծը 2 մմ-ից փոքր է, ապա այդ վիճակը վկայում է չզարգացող հղիության կամ պրոգեստերոնի պակասի մասին, իսկ եթե առաջին եռամսյակի ցանկացած ժամկետում դեղնուցապարկի տրամագիծը 6-7 մմ-ից մեծ է, ապա վկայում է պտղի որևէ պաթոլոգիայի զարգացման վտանգի մասին։
Խորիոնը սաղմի արտաքին թաղանթն է, որ պատված է բազմաթիվ թավիկներով։ Հղիության առաջին եռամսյակում այն ապահովում է՝
- պտղի սնուցումը,
- ածխաթթու գազի և կենսագործունեության այլ նյութերի արտահանումը,
- պաշտպանությունը վարակների և ինֆեկցիաների ներթափանցումից։
Բնականում խորիոնը պետք է տեղակայված լինի արգանդի խոռոչի հատակում, առաջնային, հետին կամ կողմնային պատերից մեկի վրա, իսկ կառուցվածքը պետք է փոփոխությունների ենթարկված չլինի։ Առաջին եռամսյակի ավարտին խորիոնը վերածվում է ընկերքի, որը մինչև հղիության ավարտն աստիճանաբար կհասունանա կամ ինչպես ասում են, կծերանա։
Ամնիոնը սաղմի ներքին ջրային թաղանթն է, որում ամնիոտիկ հեղուկ է կուտակվում (պտղաջուր): Հղիության 10-րդ շաբաթում պտղաջրի քանակը պետք է կազմի 30 մլ,12-րդ շաբաթում՝ 60 մլ, հետագայում շատանում է շաբաթական 20-25 մլ, և 13-14 –րդ շաբաթում կազմում 100 մլ։
Առաջին սկրինինգի ընթացքում ցուցանիշների մի քանի շեղումը մտահոգության առարկա չէ, պարզապես հետագայում հարկավոր է ավելի ուշադիր լինել և վերահսկել հղիությունը։ Միայն երկրորդ սկրինինգից հետո է հնարավոր խոսել պտղի օրգանիզմում որևէ արատի առաջացման վտանգի մասին։
Բացառիկ դեպքերում նշանակվում է ամնիցենտեզ կամ թավկենու բիոպսիա:
Նմանատիպ նյութեր

Հիստերոսալպինգոգրաֆիա. ի՞նչ միջամտություն է, ե՞րբ է ցուցված

Էնդոմետրիում. հաստությունը և խանգարումները

Ուլտրաձայնային հետազոտությունը տղամարդկանց դեպքում

Ուլտրաձայնային հետազոտության մասին

Ուլտրաձայնային հետազոտություն․ ծառայություններ
