Ի՞նչ անել երակների լայնացումը (վարիկոզ) կանխելու համար
Բարդություններ / միջամտություններ
14015
Ի՞նչ անել երակների լայնացումը (վարիկոզ) կանխելու համար
Ի տարբերություն զարկերակների՝ երակները չեն կարող կծկվել: Հետևաբար, ծանրության ուժի դեմ պայքարելու և հյուսվածքներից ու օրգաններից արյունը դեպի սիրտ և թոքեր վերադարձնելու համար նրանց անհրաժեշտ են մկաններ և փականներ: Երբ մկանները կամ փականները դադարում են աշխատել, և երակները ձգվում են ավելորդ արյան ճնշման պատճառով, առաջանում է երակների լայնացում։ Սա հիվանդություն է, որը ծածկում է ոտքերը կոր, ուռուցիկ անոթների հանգույցներով և կարող է հանգեցնել թրոմբոզի:
Լայնացած երակները կարող են զարգանալ յուրաքանչյուրի մոտ, բայց ավելի հաճախ տառապում են նրանք, որոնց հարազատներն արդեն ունեն այդպիսի խնդիրներ, ինչպես նաև կանայք՝ 45-50 տարեկանից հետո:
Մկանների և փականի հետ կապված խնդիրները կարող են սկսվել բազմաթիվ պատճառներով: Մենք չենք կարող անընդհատ քայլել և ազդել գենետիկայի, սեռի և տարիքի վրա, բայց ապրելակերպը փոխելը միանգամայն հնարավոր է:
1. Զբաղվե՛ք սպորտով
Երբ մենք շատ չենք շարժվում, նստում ենք կամ կանգնում, մեր ոտքերի մկանները չեն կծկվում, չեն աշխատում որպես պոմպեր, և արյունը կուտակվում է երակներում:
Հետևաբար, գրեթե ցանկացած ֆիզիկական գործունեություն օգնում է պաշտպանվելու երակների լայնացումից: Հատկապես օգտակար են լողը, ֆիթնեսը և վազքը:
2. Ամեն օր մարզվե՛ք
Շաբաթը 2-3 անգամ սպորտով զբաղվելը բավարար չէ, եթե մնացած ժամանակ ստիպված եք նստել կամ կանգնել: Հետևաբար, մի՛ մոռացեք պարբերաբար փոխել ձեր դիրքը: Դուք կարող եք կատարել պարզ վարժություններ.
- Բարձրացեք թաթերի վրա, այնուհետ ընդունեք ելման դիրք
- Ուղիղ կանգնեք՝ ոտքերի թաթերը` միասին, կրունկները` հեռու: Բարձրացեք ոտնաթաթերի վրա և իջեք մեկնարկային դիրքի:
- Հեծանիվ: Պառկեք մեջքի վրա, ծալեք ոտքերը և շարժեք այնպես, կարծես հեծանիվ եք վարում: Կարևոր է յուրաքանչյուր ոտքը լիովին ուղղելը
Կատարե՛ք յուրաքանչյուր վարժություն 20-30 անգամ
3. Ընտրե՛ք ճիշտ կոշիկներ
Բարձրակրունկ կոշիկները զարդարում են ոտքերը, բայց ազդում են առողջության վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բարձրակրունկ կոշիկներ ամեն օր կրող կանանց մոտ առաջանում են երակների մկանային խնդիրներ և արյան լճացում:
Ուստի ավելի լավ է չնչին բարձրություն ունեցող կոշիկներ գնել կամ սպորտային, իսկ բարձրակրունկները թողնել հատուկ առիթների համար:
4. Հագե՛ք կոմպրեսիոն գուլպաներ ու զուգագուլպաներ
Կոմպրեսիոն ներքնազգեստի առանձնահատկությունը՝ թելերի հատուկ խճճվածությունն է, որը ճնշում է ոտքերը և օգնում մկաններին արյունը տեղափոխելու երակների միջով:
Երկար թռիչքների ժամանակ հագեք կիսագուլպա և զուգագուլպա։ Բացի այդ, հղի կանայք, ովքեր ունեն երակների լայնացման նախանշաններ, կամ մաշկի վրա հայտնվում են երակները՝ աստղիկների տեսքով, չեն կարող անել առանց դրանց:
5. Ինքներդ ձեզ հորմոններ մի՛ նշանակեք
Երակների լայնացման խթանը հաճախ հորմոնալ փոփոխություններն են: Օրինակ, երբ հղիության ընթացքում արյան մեջ պրոգեստերոնի քանակը մեծանում է, շարակցական հյուսվածքը թուլանում է: Հետևաբար, փականները հեշտությամբ վնասվում են:
6. Մի՛ ծխեք և ավելի քիչ խմեք
Ծխելը և ալկոհոլի չարաշահումը նույնպես թուլացնում են փականները, որոնք չեն կարող նորմալ փակվել և խտացնում են արյունը:
7. Վերահսկե՛ք ձեր քաշը
Եթե մարդու ներորովայնային ճնշումը մեծանում է, երակների բեռը ավելանում է: Օրինակ, դա տեղի է ունենում գիրության դեպքում:
Վարիկոզը կանխելու համար ձեր քաշը պահեք նորմայի սահմաններում: Ձեր մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) հաշվարկելու համար օգտագործեք հաշվիչ:
8. Ավելի շատ բանջարեղեն և միրգ կերեք
Դրանք կարող են օգնել թեթևացնելու փորկապությունը: Երբ աղիքները լցվում են կղանքով, փոքր կոնքից արյան անցանելիությունը դժվարանում է: Եվ երբ մարդը կարիքները հոգալու ժամանակ ուժ է գործադրում, կուտակված արյունը փորձում է վերադառնալ ոտքեր, ու երակները ձգվում են: Արդյունքը հաճախ երակների լայնացումն է:
Ուստի կարևոր է ավելի շատ մանրաթել ուտել: Այն առատ է բանջարեղենի և մրգի, հատկապես կաղամբի, ցուկկինիի, եգիպտացորենի, դեղձի, սալորի և ծիրանի մեջ: Բայց ալյուրը, արագ սնունդը, երշիկը, ընդհակառակը, մեծացնում են փորկապությունը:
9. Փորձե՛ք ավելի քիչ աղ օգտագործել
Այն օրգանիզմում պահում է հեղուկը և մեծացնում արյան ծավալը, որն ավելի ուժեղ է սեղմում երակների պատերին
10. Մի՛ խաչեք ձեր ոտքերը:
Հետազոտողները ասում են, որ արյան անոթների սեղմումը հանգեցնում է երակների լայնացման: Դրա պատճառով երակներում ճնշումը մեծանում է, և փականները թուլանում են: Ռիսկը մեծանում է, եթե առկա է հիվանդության նախատրամադրվածություն: Ուստի նստելիս մի՛ խաչեք ձեր ոտքերը:
11. Մի՛ հագեք նեղ հագուստ
Նեղ ջինսերը կամ կիսաշրջազգեստները, չափազանց ամուր ներքնազգեստը շեշտը դնում են կազմվածքի վրա, բայց վնասակար են առողջությանը: Նրանք նաև սեղմում են աճուկի կամ ազդրերի խոշոր անոթները, ինչը նշանակում է, որ դրանք մեծացնում են երակների ճնշումը:
Այնպես որ, հաճախ կրեք այնպիսի հագուստ, որը չի խանգարում ձեր շարժմանը:
12. Բարձրացրե՛ք ձեր ոտքերը
Եթե օրվա ընթացքում երկար եք կանգնում կամ նստում ու չեք շարժվում, թվում է, թե ձեր ոտքերը ներսից պայթում են։ Ձեր երակներում ճնշումը նվազեցնելը հեշտ է: Աշխատանքից հետո տուն գնացեք, պառկեք բազմոցին և ոտքերը բարձրացրեք՝ ոտքերի տակ դնելով, օրինակ, բարձ, բայց այնպես, որ ոտքերը գլխից բարձր լինեն, մնացեք 20-30 րոպե:
Նմանատիպ նյութեր

Ինչ անել հետագայում վարիկոզով չտառապելու համար

Հագուստը հղիության ընթացքում. երկրորդ եռամսյակ

Հագուստը հղիության ընթացքում. երրորդ եռամսյակ

Հագուստը հղիության ընթացքում. առաջին եռամսյակ

Ճի՞շտ է, որ հղիության ընթացքում բարձրակրունկ կոշիկներ չի կարելի կրել
