Ինչու են այտուցվում ոտքերը, ձեռքերը և դեմքը, և ինչպես վերացնել այտուցը
Այլ նյութեր
14979
Ինչու են այտուցվում ոտքերը, ձեռքերը և դեմքը, և ինչպես վերացնել այտուցը
Այտուցը կարող է լինել և՛ անվտանգ, և՛ վտանգավոր: Բայց հաճախ այն ազդարարում է, որ դուք ունեք առողջական որևէ խնդիր։
Երբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել
Անհապաղ կանչեք բժշկական օգնություն, եթե առկա է հետևյալ ախտանիշներից որևէ մեկը.
• այտուցը հանկարծակի և արագորեն մեծանում է
• այն (անկախ նրանից, թե մարմնի որ հատվածում է առաջացել) ուղեկցվում է շնչարգելությամբ, կրծքավանդակի ցավով
• այտուցի առաջացման հետ մեկտեղ զգոացվում է անհանգստություն, ուժեղ գլխապտույտ կամ գլխացավ
• միայն մեկ ոտքն է այտուցված:
Շտապ օգնություն կանչելը պարտադիր չէ, բայց փորձեք որքան հնարավոր է շուտ խորհրդակցել բժշկի հետ, եթե.
• այտուցը ժամանակի ընթացքում չի անցնում
• ունեք սրտի, լյարդի կամ երիկամների հիվանդություն
• այտուցը կարմրած է և տաք
• այտուցը ուղեկցվում է ջերմությամբ
• դուք հղի եք
Ինչ է այտուցը
Այտուցն առաջանում է այն ժամանակ, երբ հեղուկը հավաքվում է մարմնի հյուսվածքներում: Շատ հաճախ դա տեղի է ունենում ոտքերի հատվածում. հեղուկը կուտակվում է կոճերի, թաթերի մասում: Բայց այտուցը հաճախ կարող է առաջանալ նաև մարմնի այլ հատվածներում` ձեռքեր, որովայն, դեմք:
Ինչու է առաջանում այտուց
Ամենատարածված պատճառներն են.
1. Դուք վիրավորվել եք կամ այրվածք ստացել
Խորը քերծվածք, մեղվի խայթոց, ոլորված կոճ, այրվածք` մաշկի ներքին շերտերի վրա ազդած ցանկացած վնասվածք մեր օրգանիզմն ընկալում է որպես վտանգ և դրան արձագանքում այտուցով:
2. Դուք չափազանց շատ կամ չափազանց քիչ քանակությամբ հեղուկ եք օգտագործում
Առաջին դեպքում երիկամները ժամանակ չունեն մարմնից ավելցուկային հեղուկը հեռացնելու, արյան պլազմայում մեծ քանակությամբ ջուր է կուտակվում, այն սեղմում է արյան անոթների պատերը: Երկրորդ դեպքում, երբ հեղուկի խիստ պակաս կա, մարմինը սկսում է իր պաշարները պատրաստել միջբջջային տարածքում: Հետևաբար, այտուցը հաճախ հայտնվում է շատ շոգ օրերին: Դա ազդանշան է, որ դուք ջրազրկվում եք։
3. Դուք չարաշահում եք աղի օգտագործումը
Աղի պատճառով հյուսվածքներում ջուրը կուտակվում է: Արդյունքում՝ աղի ձկան կամ թթու վարունգի չարաշահումն արտահայտվում է այտուցով:
4. Օգտագործում եք սպիտակուցի ցածր պաշար ունեցող մթերքներ
Եթե օրգանիզմը սպիտակուցների պակաս ունի, նրա հյուսվածքները, ներառյալ արյան անոթների պատերը, դառնում են նվազ առաձգական, և խոնավությունն հեշտությամբ ներթափանցում է միջբջջային տարածք:
5. Դուք չափազանց երկար եք գտնվել մեկ դիրքում
Այս դեպքում առկա է արյան շրջանառության լճացման և այտուցների կապ: Այտուցի այս տեսակն առավել հաճախ ազդում է ոտքերի վրա, օրինակ, եթե դուք չափազանց երկար եք կանգնած կամ նստած մնում, կամ կարող է ազդել ձեռքերի վրա, եթե դրանք երկար ժամանակ գտնվել են անհարմար դիրքում:
6. Դուք կին եք և ունեք դաշտան
Նախադաշտանային համախտանիշի հորմոնալ տատանումները հաճախ ուղեկցվում են հյուսվածքներում հեղուկի կուտակմամբ և պահմամբ:
7. Դուք հղի եք
Ինչպես նախորդ դեպքում, պատճառը հորմոնալ տատանումներն են: Հորմոնալ խանգարման այլ օրինակներ են՝ եթե մոտենում եք դաշտանադադարին կամ ընդունում եք հակաբեղմնավորիչներ:
8. Դուք որոշակի դեղամիջոցներ եք ընդունում
Այտուցը կարող է լինել դեղերի կողմնակի ազդեցություն.
• Հանրաճանաչ ցավազրկողներ, ինչպիսիք են՝ ibuprofen-ը կամ naproxen-ը
• դեղամիջոցներ՝ արյան բարձր ճնշման համար
• շաքարախտի համար օգտագործվող որոշ դեղեր
• ստերոիդներ:
9. Դուք ալերգիկ եք
Ի պատասխան մարմնի մեջ ներթափանցած ալերգենի՝ անոթները, որոնք գտնվում են նրա ամենամեծ կոնցենտրացիայի մոտակայքում, հեղուկ են արձակում հյուսվածքի մեջ՝ արագ վնասազերծելու և վտանգը վերացնելու նպատակով:
10. Դուք ունեք լուրջ հիվանդություն` կապված ներքին օրգանների աշխատանքի հետ
Այս իրավիճակը կարելի է ենթադրել, եթե այտուցը դառնում է քրոնիկ: Կան մի քանի հիվանդություններ և խանգարումներ, որոնք առաջացնում են հյուսվածքների ավելորդ խոնավության կուտակում:
• Սրտի քրոնիկ անբավարարություն
• Երիկամային հիվանդություն
• Հեպատիտ և ցիռոզ
• Քրոնիկ երակային անբավարարություն
• Լիմֆոստազ
Ինչպես հեռացնել այտուցը
Դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ հետևանքով է այն առաջացել: Օրինակ՝ ձեզ խայթել է մեղուն, քերծվածք եք ստացել կամ ինչ-որ երեկույթի ժամանակ չափից շատ եք հեղուկ օգտագործել, ապա պետք չէ անհանգստանալ. հիմնականում մարմինն ինքնուրույն է հաղթահարում նման այտուցը: Եթե ոտքերը, ձեռքերը, դեմքը պարբերաբար այտուցվում են, և չգիտեք, թե կոնկրետ ինչն է պատճառը, մի՛ հապաղեք այցելել թերապևտի: Բժիշկը կախտորոշի ձեզ և կպարզի խանգարումները, որոնք վտանգավոր են առողջության և կյանքի համար: