Եթե դաշտանից առաջ հեշտոցում քոր եք զգում

Հեշտոցի քորը հաճախ ուղեկցվում է արտաքին սեռական օրգանների քորով, որը երբեմն քողարկվում է հեշտոցում տհաճ զգացողություններով:
Ո՞րն է քորի առաջացման պատճառը, ի՞նչ անել
Անհարմարության զգացումն առաջանում է ինչպես գինեկոլոգիական խնդիրների՝
- վուլվովագինիտի,
- կոլպիտի,
- վագինիտի,
- կանդիլոմաների,
- սեռական օրգանների հերպեսի,
- արգանդի վզիկի և հեշտոցի ուռուցքների առկայության, այնպես էլ միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում՝
- թութք,
- պրոկտիտ (ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում),
- միզուղիների վարակներ,
- շաքարային դիաբետ,
- խպիպ,
- երիկամների քրոնիկ անբավարարություն,
- լյարդի հիվանդություններ,
- մաշկային հիվանդություններ:
Եթե չի հաջողվում բացահայտել բուն պատճառները, ապա հնարավոր է, որ քորն առաջացած լինի սեռական հարաբերության ընթացքում հեշտոցի լորձաթաղանթի վնասվածքների հետևանքով, կարող է առաջանալ նաև տարատեսակ բեղմնականխիչ հաբերի օգտագործման պատճառով և այլն:
Հեշտոցի և սեռական շուրթերի մաշկը քորելու արդյունքում հնարավոր է, որ քերծվածքներ առաջանան, ինչը քողարկում է կլինիկական դրսևորումները, քանի որ միանում է նաև երկրորդային վարակը:
Ինչ է պետք անել
Այս ախտանշանը միշտ ուղեկցվում է ախտաբանական արտադրությամբ: Անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի և հետազոտության համար քսուք հանձնել, ինչպես նաև զննել մաշկի և լորձաթաղանթի արտաքին փոփոխությունները:
Եթե քորի զգացումն ուժեղանում է քնելուց առաջ և ծագում է հագուստը հանելիս, բայց միևնույն ժամանակ չի անհանգստացնում քնած ժամանակ, ապա ավելի հավանական է, որ պատճառը հոգեբանական է: Եթե պատճառները միզասեռական վարակներն են, ապա քորը շարունակական բնույթ կկրի: Հաճախ էլ դաշտանից առաջ զգացվող քորը նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսների ուղեկիցն է: Որոշ կանայք անհարմարություն առաջացնող քոր են զգում ձվազատումից մի քանի օր առաջ, շատերն էլ՝ դաշտանից մեկ շաբաթ առաջ:
Եթե որովայնի ստորին հատվածում ցավ եք զգում, որն ուղեկցվում է քորով և արտադրությամբ, ապա հնարավոր է, որ փոքր կոնքի օրգանների բորբոքում կա: Հեշտոցում քորը և անսպասելի արյունային արտադրությունը վկայում են քայքայիչ գործընթացների մասին, որոնք առաջանում են մի շարք վարակների արդյունքում:
Հեշտոցի և սեռական շուրթերի քորը, եթե զուգակցվում է մարմնի այլ հատվածների մաշկի քորով, կարող է շաքարային դիաբետի, մաշկային, երիկամների և լյարդի հիվանդությունների նշան լինել: Եթե քորին գումարվում են նաև փորկապության, փքվածության, մետեորիզմի (մարսողական գազեր) գանգատները, ապա դա վկայում է աղիքային խնդիրների մասին:
Բուժումը ենթադրում է քորի պատճառների բացահայտում, ախտորոշում և համապատասխան, համալիր բուժում: