Վագինիզմ. ինչ խնդիր է և ինչպես է բուժվում

Վագինիզմ. ինչ խնդիր է և ինչպես է բուժվում

Վագինիզմը հեշտոցի շրջանաձև մկանի, ինչպես նաև շեքի մկանների ոչ կամածին և ցավոտ կրճատումն է, որն ի հայտ է գալիս առնանդամի կամ գինեկոլոգիական զննման ընթացքում բժշկական գործիքի (անգամ ամենափոքր առարկաների, օրինակ՝ տամպոնի) ներհրման փորձի ժամանակ: Երբեմն վագինիզմի ծայրահեղ ծանր դեպքերում մերձեցման մասին միտքն անգամ մկանների ոչ կամածին ջղաձգում է առաջացնում, որը տհաճ կերպով տարածվում է ազդրի ներսի հատվածում և ուղեկցվում ցնցումներով ու ցավով:

Այս երևույթի հաճախականությունը մեծ չէ. հանդիպում է երիտասարդ կանանց 3-4 %-ի շրջանում: Խանգարումը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, հիմնականում մինչև 25 տարեկանը և տարբեր պատճառներով: Ոմանց դեպքում վագինիզմն առաջանում է առաջին մերձեցման վախից, կոպիտ կուսազրկումից, բռնաբարությունից կամ այլ տիպի բռնությունից հետո, տեսողական վախից, սթրեսից, բորբոքային հիվանդությունից հետո, սեռական կյանքի մասին տարրական գիտելիքների պակասից, զույգի ամաչկոտության պատճառով ոչ բավարար խոնավացման հետևանքով և այլն:

Կարդացեք՝ Վագինիզմ (ոչ օրգանական ծագման)

Այս վիճակն անհանգստացնում է զույգին, առավել ևս, երբ տղամարդու ամենանուրբ վարվելակերպի դեպքում անգամ կնոջ կոնքի հատվածում ցավ է զգացվում: Նա փորձում է խուսափել սեռական հարաբերությունից և եթե անգամ տեղի է տալիս (վագինիզմի թեթև դեպքերում), ապա տհաճ զգացողությունների գնով: Հատկանշական մի փաստ կա. կանանց մեծամասնության սեռական գրգռվածությունն բավականին արագ է ի հայտ գալիս, հեշտոցը նորմալ է խոնավանում, նախնական գուրգուրանքները հաճելի են և բավարարություն են պատճառում, պահպանվում է սեռական հակումը և օրգազմի հասնելու կարողությունը:

Բազմաթիվ կանանց օրգազմի կամ նորմալ սեռական կյանքի բացակայությունը խելագարության է հասցնում, սակայն հազվադեպ են դիմում բժշկի՝ համակերպվելով իրավիճակին կամ մտածելով, թե ամոթ է, անհարմար է խոստովանելը և այլ արդարացումներ գտնելով: Հաճախ բժշկի են դիմում այն ամուսինները, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, սակայն կնոջ խնդիրը թույլ չի տալիս հղիանալ: Սրանք «կույս ամուսնությունները» են (վիրգոգամիա): Նշենք ուրախալի մի փաստ. այն դեպքերում, երբ կինը ռիսկի է դիմում և հաջողացնում հղիանալ վագինիզմի պայմաններում (վագինիզմի թեթև տեսակի կամ սերմի ներհոսքի դեպքում), ծննդաբերությունից հետո խանգարումն անհետանում է:

Ցանկացած դեպքում հարկավոր է դիմել մասնագետի: Եթե գինեկոլոգի զննումից հետո բացառվում են բոլոր ֆիզիկական պատճառները, ապա պատճառը հոգեբանական է և ճիշտ կլինի դիմել հոգեբանի կամ սեքսոպաթոլոգի: Որքան շուտ դիմեք մասնագիտական աջակցության, այնքան արագ կվերականգնվի սեռական առողջությունը: Ընդ որում՝ ոչ միայն կինն է տանջվում, այլև տղամարդը, ում համար երբեմն պատճառն անհասկանալի է և անորոշ:

Հաճախ կինը չի արտահայտվում իր խնդրի մասին, քանի որ ինքն էլ չի կարողանում հասկանալ իր վիճակը, իսկ տղամարդը գաղափար անգամ չի ունենում մկանային ոչ կամածին կծկումների մասին և սկսում է մտածել, որ միգուցե ինչ-որ կերպ նեղացնում է զուգընկերուհուն կամ էլ վերջինս միտումնավոր է անում, որպեսզի խուսափի մերձեցումից: Եթե տղամարդն իմանում է, որ ցավեցնում է և տհաճ զգացողություններ պատճառում, սկսում է ավելի ու ավելի պասիվ լինել սեռական ոլորտում, կարող են էրեկցիայի խանգարումներ լինել, հատկապես, երբ տղամարդն իրեն մեղավոր է զգում: Այն դեպքերում, երբ տղամարդն ստեղծված իրավիճակի համար մեղադրում է կնոջը, ժամանի ընթացքում նրա համբերությունը հատնում է, դյուրագրգռություն է ի հայտ գալիս, և սկսում է սեռական այլ օբյեկտներ փնտրել, որպեսզի բավարարի սեռական ցանկությունը և «նորմալ սեռական հարաբերություն ունենա»:

Վագինիզմն ավելի հեշտ է բուժվում, քան կանանց այլ սեռական խանգարումները: Բուժումը համակողմանի է, անհատական մոտեցմամբ և ներառում է մի շարք քայլեր, որոնցից են հոգեվերլուծությունը և անհատական հոգեթերապիան (վարքաբանական թերապիա): Վերջիններս օգնում են այցելուին հաղթահարել ներքին կոնֆլիկտները և տագնապը, սեռական իմպուլսն ուղղել շրջապատող մարդկանց և իր համար ընդունելի ուղղությամբ, օգնում են ինքնավստահություն ձեռք բերել և ազատորեն խոսել սեփական սեռական պահանջմունքների մասին, վերացնել հոգեբանական այն գործոնները, որոնք խոչընդոտում են հեշտոցի խոնավացմանը, էրեկցիային և օրգազմին:

Կրկնակի սեքսաթերապիա: Սա երկու զուգընկերների բուժումն է: Խնդիրն առնչվում է երկուսին, այդ պատճառով երկուսն էլ պետք է աշխատեն սեռական աններդաշնակությունը վերացնելու հարցում: Թերապիայի ընթացքում զույգը և բժիշկը քննարկում են սեռական գործառույթի հոգեբանական և ֆիզիոլոգիական կողմերը, բուժման սկզբունքները, մեթոդները և այլն: Այնուհետև զրույցի շարունակությունը զույգը տեղափոխում է ինտիմ պայմաններ: Թերապիան նպատակ ունի ամուսնական կապի ներսում ստեղծել կամ վերականգնել սեռական և հոգևոր բնականոն շփումը, ամուսնուն բացատրել սիրախաղի (ավելի շատ, քան բուն ակտի և օրգազմի) կարևորությունը կնոջ համար:

Կիրառվում են հատուկ մեթոդներ և վարժություններ: Բժիշկը զույգին բացատրում է հեշտոցի մկանների ոչ կամածին կրճատման բնույթը և կնոջ սեռական օրգանների զննման ընթացքում զուգընկերոջ ներկայությամբ (ըստ կնոջ ցանկության) ցուցադրում ռեֆլեքսը: Ընդ որում՝ զննումն այնպես է իրականցվում, որ կինը նույնպես հնարավորություն է ունենում հայելիների միջոցով հետևել ընթացքին: Այնուհետև բժիշկը կնոջը որոշ հնարքներ է սովորեցնում, որոնք թույլ են տալիս թուլացնել հեշտոցը շրջապատող մկանները:

Ամենաարդյունավետ միջոցը, ըստ երևույթին, մկանները միտումնավոր կծկելը և թուլացնելն է: Այնուհետև կնոջը տրամադրվում են տարբեր չափերի լայնացնող սարքեր: Դրանցից ամենափոքրը՝ մատից մի փոքր հաստությամբ, բժիշկը մտցնում է հեշտոցի մեջ՝ ի զարմանս կնոջ: Հաջորդիվ նրան ցուցումներ են տալիս, թե ինչպես կարող է ինքնուրույն օգտագործել լայնացնող սարքը (օրվա ընթացքում մի քանի անգամ՝ 10-15 րոպե հեշտոցում թողնելով): Այս նպատակով կարելի է օգտագործել ոչ մեծ արհեստական առնանդամ: Նպատակահարմար է գործողությունը կատարել լոգարանում: Վագինիզմ ունեցող կանանց մեծամասնությունը 5-6 օր անց կարողանում է օգտագործել ամենահաստ լայնացուցիչը, որը համապատասխանում է էրեկցիայի վիճակում առնանդամի չափերին: Այս վարժություններից կամ սեռական ակտից 20-30 րոպե առաջ առավել ցավոտ հատվածներում կարելի է լիդոկայինի քսուք կամ անեսթեզին օգտագործել:

Որպես տնային հանձնարարություն՝ կնոջն առաջարկվում է կատարել հետևյալ վարժությունները.

Սեռական մկանների կառավարում: Այս նպատակով պետք է ձգել մկանները, կծկել, այնուհետև թուլացնել, դեպի ներս ձգել հեշտոցը (միաժամանակ կրճատելով հետանցքի մկանը և հեշտոցի շրջանաձև մկանը): Այս վարժությունը բարելավում է կնոջ սեռական օրգանների արյան շրջանառությունը, զգայունակությունը, սեռական գրգռվածություն է առաջացնում և հետագայում խորացնում է օրգազմի զգացումը:

Մատի ներհրում հեշտոցի մեջ: Կինը մատով տարբեր շարժումներ է կատարում՝ մի կողմից մյուսն է շարժում, պտտում է, ծալում է և այլն: Հաճախ կինը նշում է, որ դժվարանում է այդպիսի շարժումներ կատարել, քանի որ վախենում է ցավեցնել, սակայն սա շատ կարևոր վարժություն է, և կարողանա հանգիստ կատարել, ապա հաջողությունն ապահովված է:

Առնանդամի ներհրում նստած դիրքում: Այս պարագայում պետք չէ ակտիվորեն ինչ-որ բան անել, պետք է առնանդամի վրա այնպես նստել, ինչպես այն մտնում է: Սեփական մարմինն զգալով՝ կինը կարող է հեշտությամբ այնպիսի դիրքեր ընդունել, որոնց դեպքում ներհրումը կատարվում է հեշտոցի օղակով, իսկ առնանդամը չի սեղմվում պատերին:

Այս ամենը, բնականաբար, պետք է կատարել նախնական գուրգուրանքներից, սիրախաղից և վերոնշյալ վարժություններից հետո:

Բուժումը շարունակական չէ, անհատական է յուրաքանչյուր կնոջ համար և պահանջում է մինչև 10 հանդիպում: Ամուսինների փոխըմբռնման և համբերատարության, ինչպես նաև մասնագետների օգնությամբ հնարավոր կլինի մեկընդմիշտ վերականգնել սեռական հարմարավետությունն ու ներդաշնակությունը՝ ազատվելով վագինիզմից: Որոշ ժամանակ անց ժպիտով կհիշեք խնդրի մասին՝ գրեթե չհավատալով, որ այն երբևէ եղել է:

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…