Փոխում ենք ապրելակերպը. ինչ անել արագ հղիանալու համար
Բավականին երկար ժամանակ է անցել, ինչ որոշել եք երեխա ունենալ, սակայն ոչինչ էլ չի ստացվում: Ինչ անել, երբ թվում է, թե ամեն բան արդեն արված է: Փորձեք փոխե՛լ ձեր ապրելակերպը:
Փորձագետները պնդում են, որ կենսակերպի նույնիսկ չնչին փոփոխությունը կարող է բարձրացնել հղիանալու հավանականությունը, քանի որ մեր ապրելակերպից է կախված ոչ միայն տրամադրությունը, այլև պտղաբերությունը: Թե ինչ է պետք անել, կպարզենք միասին:
Ինչպես հղիանալ
Չհղիանալու հետ կապված ձեր մտահոգությունները բնական են, սակայն պետք չէ տրվել դրանց. սթրեսները խախտում են դաշտանային ցիկլը, փոխում հորմոնային ֆոնը: Այդ պատճառով էլ փորձեք հանգստանալ, մեդիատացիա արեք, զբաղվեք յոգայով, սպա կենտրոն այցելեք և մերսում ստացեք: Այս ամենը կնվազեցնի լարվածությունը և կուժեղացնի հավատը սեփական ուժերի նկատմամբ: Բացի այդ կշեղվեք մտածմունքներից և մի փոքր երես կտաք ձեր մարմնին. միգուցե նա էլ ձեզ պարգևատրի երկար սպասված հղիությամբ:
Սնունդ. ձեր թշնամին, թե բարեկամը
Հրաժարվեք խիստ դիետաներից և չափից շատ ուտելուց: Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելորդ քաշով կամ քաշի պակասով և չհավասարակշռված սննդակարգ ունեցող մարդկանց պտղաբերությունը նվազ է, և մի փոքր ուշ են հղիանում: Տղամարդկանց ճարպակալումը նվազեցնում է սերմնաբջիջների քանակը և շարժունակությունը, իսկ կանանց ավելորդ քաշը արգելակում է ձվազատումը: Վերջինիս նպաստում են նաև խիստ դիետաները: Այդ իսկ պատճառով էլ, եթե մտադրվել եք նիհարել, խորհրդակցեք բժշկի հետ:
Ինչ վերաբերում է սննդամթերքին, ապա պտղաբերությունը խթանելու համար տղամարդիկ պետք է իրենց սննդակարգում ներառեն բուսական յուղեր (ձիթապտղի, կտավատի), սպիտակուցներ և ֆոլաթթվով, ցինկով, սելենով հարուստ մթերքներ՝ բանջարեղեն, սունկ, ընդեղեն, ձուկ, ձու, ամբողջական հացահատկի հաց և այլն: Ընդ որում՝ պետք է խուսափեն կենդանական ճարպերից, արագ սնունդից և կոլայից:
Կանանց խորհուրդ է տրվում օգտագործել կաթնամթերք, ընդեղեն, հատիկեղեն, մրգեղեն, ջուր և վիտամիններ (վիտամինները՝ բժշկի ցուցմամբ): Պետք է նվազեցնել կենդանական սպիտակուցների և ճարպերի, խմորեղենի ու քաղցրավենիքի, սուրճի քանակը:
Շարժումը կյանք է
Բեղմնավորման հավանականությունը մեծացնել հնարավոր է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով: Դա կօգնի ազատվել ավելորդ քաշից, կբարձրացնի սեռական ցանկությունը և ընդհանուր առմամբ միայն օգուտ կբերի օրգանիզմին: Պարտադիր չէ մարզասրահ գնալ, բավարար է անգամ քայլելը (օրինակ աշխատավայրից տուն), աստիճանները վազելով բարձրանալը (հրաժարվեք վերելակից), պարը և անգամ խանութներով զբոսանքը: Կարևորն այս ամենը պարբերաբար անելն է: Փորձեք ավելի շատ քայլել և չօգտվել մեքենայից:
Հագնվեք եղանակին համապատասխան
Քանի անգամ ենք ձմռանը փողոցում հանդիպել կարճ, գոտկատեղից բարձր բաճկոնակներով կամ բարակ զուգագուլպայով կանանց: Այսպիսի վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ տանում է հիվանդանոց, իսկ ձեզ չի կարելի հիվանդանալ: Նույնը վերաբերում է նաև տղամարդկանց, ովքեր սիրում են ձմեռային ձկնորսության գնալ: Նրանք պետք է ուշադրություն դարձնեն իրենց հագուստին նաև ամռանը, քանի որ գերտաքացումը բացասաբար է ազդում սպերմատոգենեզի վրա, խորհուրդ է տրվում լայն, ազատ տաբատներ գնել:
Սեքսը լավագույն դեղամիջոցն է
Մի մոռացեք, որ սիրով զբաղվելը պետք է լինի ըստ ցանկության, այլ ոչ թե ըստ ժամանակացույցի: Կարևոր է, որ սեռական կյանքը հաճույք պատճառի և բավարարի երկուսին էլ, լինի կանոնավոր (շաբաթական նվազագույնը 2-3 անգամ): Փորձեք «անջատել» ուղեղը և վայելել. իզուր չէ ասված, որ երեխան սիրո պտուղն է:
Շփվեք մարդկանց հետ
Զրուցեք ընկերների հետ, ճամփորդության գնացեք միասին, այցելեք ձեր հարազատներին, օգնեք մանկատան երեխաներին և այլն: Կարևոր չէ, թե կոնկրետ ինչ կանեք, կարևոր է, որ նոր տպավորություններ կստանաք, կփոխվի կյանքի առօրյա ընթացքը և կմոռանաք խնդիրների մասին:
Մի կուշտ քնեք: Լավ քունը կարևոր է օրգանիզմի համար, այդ պատճառով էլ շուտ պառկեք քնելու, քնեք նվազագույնը 8 ժամ, մի կերեք և խմեք գիշերը, հանգստացնող լոգանք ընդունեք կամ խաղաղեցնող երաժշտություն լսեք, եթե չի հաջողվում քնել: Լավ քունը կօգնի ձեզ առավոտյան առույգ և լավ զգալ, կպահպանի լավ տրամադրությունը, նշանակում է, որ կօգնի նաև ձերբազատվել սթրեսից:
Խմելը և ծխելը վնասում են առողջությանը
Բոլորն էլ գիտեն, թե խմիչքն ու ծխախոտը որքան վնասակար են առողջության համար: Դրանք մինչև այսօր դեռ ոչ ոքի վերարտադրողական առողջությանը օգտակար չեն եղել:
Հեռու թունավոր նյութերից
Քիմիական նյութերից շատերը նվազեցնում են պտղաբերությունը: Մեզնից շատերը մշտապես առնչվում են դրանց հետ աշխատանքի բերումով, օրինակ՝ վարսահարդարները, իսկ շատերն էլ տանը՝ մաքրող միջոցներ օգտագործելով: Այս նյութերը կուտակվում են օրգանիզմում և խաթարում բնականոն աշխատանքը, այդ պատճառով էլ անհրաժեշտ է հնարավորին չափ խուսափել դրանց ազդեցությունից և թունավորման դեպքում դիմել բժշկի:
Դեղաբույսեր և դեղեր. զգուշացեք
Կանանցից շատերը, ում չի հաջողվում հղիանալ, խուճապի են մատնվում և սկսում ինքնաբուժությամբ զբաղվել: Միշտ իմացեք՝ նախքան որևէ դեղաբույսի կամ դեղի օգտագործումը պետք է հարցնել մասնագետի կարծիքը: Այդպիսով հնարավոր է ոչ թե բուժել, այլ վնասել:
Փորձեք փոխել ձեր ապրելակերպը նշված պարզ խորհուրդներին հետևելով, և մենք համոզված ենք, որ շուտով կվայելեք երեխայի բերկրանքը: